National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Փետրվարի 5-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում մինչեւ 2 ամսի ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ      ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ օրինագծով առաջարկվում է բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց), որոնք ճանաչվել են անհուսալի կիրառվի ներում:

Բանախոսի խոսքով՝ հաճախ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պատրաստ են ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացածը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու դեպքում` հաշվի առնելով ամբողջ գումարը ստանալու հավանականությունը եւ ժամանակը: Միեւնույն ժամանակ, կան նաեւ պարտքի զիջման հնարավորություններ՝ որոշակի զեղչով: Սակայն, այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ:

Պատգամավորների կարծիքով՝ նախագծով հնարավորություն կտրվի որոշ կազմակերպությունների ձեւակերպել կեղծ սնանկություններ, ինչպես նաեւ անհավասար պայմաններ կստեղծի բարեխիղճ վարկառուների նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման իրավունքը վերապահել պետությանը:

Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի առքուվաճառքի գործընթացներում առկա են այդ ապրանքները բնութագրող հարգորոշված եւ հարգադրոշմմված ցուցանիշների եւ դրանց իրական որակական հատկանիշների միջեւ անհամապատասխանություններ, որը հանգեցնում է մի կողմից սպառողների շահերի ոտնահարմանը, մյուս կողմից՝ արտահանվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակական հատկանիշների նկատմամբ վստահության նվազմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման եւ դրանց հետ կապված գործողությունների իրականացումն արդեն իսկ գտնվում է պետական հսկողության ներքո, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն վիճակագրական տվյալներ, համապատասխան տեղեկատվություն, ինչը կարող է փաստել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղների հարգորոշման կամ հարգադրոշմման գործընթացների նկատմամբ ներկայումս իրականացվող պետական հսկողության անարդյունավետության մասին:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օենքի նախագծով առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանվում են Կառավարության որոշմամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերից բխող իրավական ակտերով»: 8-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով? հետեւյալ բովանդակությամբ՝ «Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ «Գնումների մասին»՝ ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան»:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝  Էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության եւ էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», օրինագծին, որով առաջարկվում է հողը օտարելուց առաջ մարել տվյալ հողի հարկերի պարտավորությունները:

Ըստ հիմնական զեկուցող Արգիշտի Մեխակյանի՝ գործող կարգավորումներով եթե վաճառողը չի մարել հողի հարկի պարտավորությունը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը: Պատգամավորի խոսքով՝ նման կարգավորում առկա է այլ գույքատեսակի, մասնավորապես տրանսպարտային միջոցների դեպքում:

Դրական եզրակացություն է տրվել նաեւ «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջեւ արդար եւ հավասար մրցակցության, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, առեւտրային հնարավորությունների, օդանավակայանային գանձումների վերաբերյալ հոդվածներ: Համաձայնագրում ներառված է նաեւ ավիացիոն անվտանգության վերաբերյալ արդիականացված հոդված եւ սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաեւ կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:

 ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում արգելել ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքը, եւ թույլատրել միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորմամբ ակնկալվում է բուսական աշխարհին զերծ պահել հնարավոր ապօրինի հատումների ռիսկերից, որը կզուգորդվի ամանորյա տոնակատարությունների նպատակով եղեւնիների եւ սոճիների օգտագործման նոր մշակույթ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքով՝ պետք է առհասարակ արգելել հատված եղեւնիների գործածությունը՝ ոչ միայն վաճառքը, այլեւ՝ ներմուծումը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ ներմուծումը արգելելը կվնասի տվյալ բիզնեսով զբաղվողներին, ուստի առաջարկել է խնդիրն առավել հանգամանալի ուսումնասիրել:

Հարցի քվեարկությունը հետաձգվել է՝ լրացուցիչ աշխատելու նպատակով:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենսդրական փաթեթը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, հնչեցված բանավոր առաջարկները ձեւակերպվել է իբրեւ Կառավարության առաջարկներ, որի արդյուքում օրինագծերի փաթեթը լրամշակվել եւ վերախմբագրվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am